Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։
Այս դասերը կազմակերպվում և անցկացվում են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում արեգակնային տաքացուցիչ սարքի կիրառմամբ:
Արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցում են հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ և իրենց ֆիզիկայի ուսուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։
«Ներկայիս արագ փոփոխվող տնտեսությունների շրջանում իրենց զարգացումը կարող են ապահովել այն երկրները, որտեղ աշխատուժն արագ է տեղեկանում աշխատաշուկայի պահանջներին և դրան համապատասխան ստանում կրթական համակարգից անհրաժեշտ արձագանք: Մեր ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ժամանակի ավելորդ կորուստներն երիտասարդների կարիերայի պլանավորման և ուսուցման գործընթացներում: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Beeline-ին և Անդրեյ Պյատախինին մեր արդյունավետ համագործակցության համար», - ընդգծել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
«Մենք որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը շատ լավ ենք գիտակցում պատրաստված կադրերի անհրաժեշտությունը և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը: Այդ իսկ պատճառով ամեն բան անում ենք, որպեսզի արդեն դպրոցից երիտասարդները ծանոթանան նոր տեխնոլոգիաներին և հետաքրքրվեն այս ոլորտով։ Մենք խիստ շահագրգռված ենք այս ծրագրի հաջողությամբ և վստահ ենք, որ այն օգտակար կլինի թե՛ մասնակիցների, թե՛ Հայաստանի հասարակության համար», - դասընթացի բացման ժամանակ նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի և ՀԳՀՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 340 դպրոցականներ և իրենց դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները ստանում են տեղեկատվություն ՀՀ-ում ՏՏ և ինժեներինգ ոլորտների զարգացման միտումների և կարիերայի պլանավորման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում դպրոցականներին այցելել նշված ոլորտների կազմակերպություններ, մասնավորապես՝ Beeline:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–