USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը

18.04.2017, 16:41
Գրքում հանգամանորեն ներկայացվում է թատրոնի հիմնադրման նախապատմությունը:
Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Համագործակցության շրջանակում Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատություն: Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է:

Հաղորդագրության համաձայն, Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը հանդիսանալու է մատենաշարի 18-րդ հատորը: Գրքում հանգամանորեն ներկայացվում է թատրոնի հիմնադրման նախապատմությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) և անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երևան ժամանած երգիչների և երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:

«Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող գրքի ստեղծման գործում մենք բարձր ենք գնահատում Beeline–ի հետ համագործակցությունը: Վստահ ենք, որ տարեվերջին կունենանք Հայաստանի օպերայի և բալետի թատրոնին արժանի աշխատություն»,- նշել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով, Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը:

«Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն և իրենց աշխատանքով երջանկություն են պարգևում շրջապատին: Առավել քան համոզված եմ, որ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա երիտասարդների համար և կօգնի նրանց ծանոթանալու Օպերային թատրոնի պատմությանը»,- նշել է նա:

Գիրքը կտպագրվի «Լուսակն» հրատարակչությունում՝ 500 տպաքանակով: Նախատեսվում է, որ այն լույս կտեսնի ս.թ. դեկտեմբեր ամսին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-