Beeline-ի ՏՏ տնօրենը հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմն այսօր Սևանի ափին հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին և նրանց հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, մասնավորապես բլոքչեյն տեխնոլոգիայի վերաբերյալ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը:
«Հանդիպումն Ալեքսեյ Կիմի հետ տեղի է ունեցել Dialog Session ձևաչափով, և մասնակից ստարտափները հնարավորություն են ունեցել նրան՝ որպես փորձառու և գիտակ ՏՏ մասնագետի ներկայացնել իրենց գաղափարները, հարցերն ուղղել, և խորհուրդներ ու գնահատականներ ստանալ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Նեղ մասնագիտական հարցերից բացի թիմերին հետաքրքրում էին ներդրումներ ներգարվելու, հանրային ելույթներ ունենալու հետ կապված հարցեր, ինչպես նաև Երևանում գործող Beeline Ստարտափ Ինկուբատորի աշխատանքը։ Նշվում է, որ միջոցառման ավարտին ստարտափներից մեկը մրցույթի արդյունքում ստանալու է Beeline Ստարտափ Ինկուբատորում ինկուբացիոն շրջան անցնելու հնարավորություն։
«Հիանալի է այստեղ գտնվելը և այսքան ակտիվ ու բանիմաց երիտասարդություն տեսնելը։ Ես շատ հետաքրքիր գաղափարներ լսեցի և վստահ եմ, որ դրանցից շատերն անպայման մեծ հաջողություն կունենան։ Հուսով եմ, իմ տված խորհուրդներն էլ կնպաստեն դրան։ Սամմիթի բոլոր մասնակիցներին մաղթում եմ գտել իրենց ներդրողներին», - նշեց Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին մասնակցում է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։
«Նշենք, որ Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն», – նշվում է հաղորդագրությունում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–