Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա Armenia Art Fair մշակութային ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 12-14-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի կունենա առաջին ամենամյա Armenia Art Fair-ը:
Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Armenia Art Fair-ում կցուցադրվեն աշխատանքներ Հայաստանից, նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից: Ներկայացվելու են ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ:
Առաջին կլոր սեղան-քննարկումը մայիսի 12-ին կանդրադառնա վիզուալ մեդիայի կենսունակությանը: Երկրորդը՝ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողը» թեմայով կկայանա նույն ձևաչափով, մայիսի 13-ին:
Մասնակիցների թվում են մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսը, կուրատոր և գրող Գեորգ Շոլհամերը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի համա-հիմնադիր, համադրող և արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը և այլք:
«Արվեստը դարեր շարունակ միտված է եղել մարդկանց միավորել և ավելի լավը դարձնել նրանց կյանքը, և այս երկու առաքելություններն էլ հոգեհարազատ են մեզ։ Հուսով ենք, որ այս ցուցադրությունը խթան կդառնա Հայաստանում արվեստի զարգացման համար, հայ արվեստագետներին թույլ կտա կապեր հաստատել արտասահմանյան մասնագետների և ցուցասրահների հետ՝ ընդլայնելով նրանց գործունեության հնարավորությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք ցանկանում ենք երկրում խրախուսել գեղարվեստական ներդրումները՝ նպաստելով արվեստի ոլորտում կրթության զարգացմանը և խրախուսել նոր տաղանդավոր սերնդին` ներկայացնելու իրենց ստեղծագործական նվաճումները ցուցահանդես-վաճառքի միջոցով», - նշել է Armenia Art Fair-ի համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը:
«Մեր նպատակն է Armenia Art Fair-ը Հայաստանում և տարածաշրջանում դարձնել կարևոր իրադարձություն և ստեղծել արվեստի հարթակ, որը կարող է ընդգրկել ինչպես հիմնական, այնպես էլ նոր ստեղծված պատկերասրահներն, ինչպիսիք են փոփ-ափ կամ առցանց պատկերասրահները: Սակայն, նախ և առաջ մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ մի «տոն», որը կարող է վայելել յուրաքանչյուրը», - նշել է Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–