Beeline-ի գլխավոր տնօրենի պատվին անվանական տառ է բացվել Հայաստանի զարգացման գործում ունեցած ավանդի համար
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի զարգացման գործում ունեցած ավանդի համար Beeline-ի («ԱրմենՏել» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի պատվին անվանական տառ է բացվել «Հայոց գրերի երթ» նախագծի շրջանակում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նախագծի իրականացման վայրը Մատենադարանի հարևանությամբ գտնվող Մեսրոպ Մաշտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող մասում գտնվող պատն է՝ Երևանի կենտրոնական հատվածներից մեկը: «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի շրջանակներում տարիներ շարունակ անշուք և անտեսված պատի խորշերում երկարաժամկետ աշխատանքներից հետո տեղադրվեցին մեսրոպյան այբուբենի տառերը: Մեսրոպատառ գրերը չժանգոտվող մետաղից են, իսկ դրանք պարուրող հայկական զարդանախշերը` արույրից:
«Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը:
«Հայոց գրերի երթ» նախագիծի շրջանակում հայկական այբուբենի անվանական տառեր են ստացել Հայաստանի զարգացման գործում զգալի ներդրում ունեցած հասարակական, մշակույթի և պետական գործիչները:
Նախագիծն իրականացվում է imyerevan.com կայքի («Երևան Փրոդաքշնս» ընկերություն) նախաձեռնությամբ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Անչափ շոյված եմ իմ և Հայաստանում Beeline-ի գործունեությանը տրված նման բարձր գնահատականի համար և ես չեմ կարող թաքցնել հպարտության զգացումն այն զգալի ներդրման համար, որը կատարել է Beeline-ը Հայաստանի զարգացման գործում՝ իր բարեգործական և կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության նախագծերով», – նշել ` Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նրա խոսքով` երիտասարդություն, երեխաներ, կրթություն, թվային նախագծեր, բջջային տեխնոլոգիաներ և հայալեզու հավելվածներ, երաժշտություն և մշակութային նախագծեր երեխաների համար. սա միայն կարճ ցանկն է ընկերության ծրագրերի ուղղությունների, որոնք իրագործվում են Հայաստանի գրեթե ողջ տարածքում:
«Շատ հաճելի է, որ այս տառը, իմ մի մասնիկը, որպես Հայաստանի զարգացման գործում իմ փոքրիկ ներդրման խորհրդանիշ, կմնա այստեղ նույնիսկ այս հիանալի երկրում իմ աշխատանքի ավարտից հետո», – նշել է Պյատախինը։
Տառերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, բիզնես-հանրության, շոու-բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ և հյուրեր արտասահմանից:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-