«ԱրմենՏելը» Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումների հովանավորն է
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների հովանավորն է, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկատվության՝ ընկերության աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր համայնքներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ և այլ տոնական միջոցառումներ:
«Մենք ուրախ ենք շնորհավորելու Երևանի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ և մեր լուման ներդնելու քաղաքում տոնական տրամադրության ստեղծելուն: Ամանորն առանձնահատուկ տոն է, և կարծում եմ՝ վառ միջոցառումները լրացուցիչ դրական լիցքեր կհաղորդեն մեր համաքաղաքացիներին և հատկապես երեխաներին» - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ամանորյա միջոցառումները մեկներկեցին դեկտեմբերի 20-ին, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում վառեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում, իսկ դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին Երևանի կենտրոնում կմեկնարկի հիմնական միջոցառումը, որը կշարունակվի մինչև հունվարի 1-ի ժամը 3:00-ը:
Տոնական օրերին մայրաքաղաքի բնակիչներին սպասում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում մանկական միջոցառումներ, տոնական լուսավորություն, ինչպես նաև տարբեր երկրների ավանդույթներով զարդարված տոնածառների ցուցահանդես: Տոնական միջոցառումները կեզրափակվեն 2012 թ. հունվարի 13-ին:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:-0-