BarCamp Yerevan 2018-ին Ucom-ի համահիմնադիր Հայկ Եսայանը պատմել է ժամանակակից ցանցերի առավելությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում անցկացվել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։
Անցած հանգստյան օրերին հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊-րդ «ԲարՔեմփ Երևան»–ին, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
(Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (չ)կոնֆերանսի մեկնարկին հանդես եկավ ժամանակակից ցանցերի և Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների մասին պատմող զեկույցով։
«Այսօր Ucom-ը կառուցել է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում լավագույն ցանցը, որի հնարավորությունները որոշակի պրոդուկտներ ստեղծող բարքեմփերներին փոխշահավետ գործակցության լայն դաշտ են բացում։ Մեր ընկերությունը վստահորեն շարժվում է դեպի թվային ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ՏՀՏ ոլորտի ստարտափերին հանդես գալ իրենց սեփական նորարարական լուծումներով, ստեղծել արժեք և չսահմանափակվել Հայաստանի շուկայով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Այս տարի «ԲարՔեմփ Երևան»-ի մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխատաշուկան, որին մասնակցում են տասնյակ ՏՏ ընկերություններ:
«Բարքեմփ Երևանի» գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC, AVETIQ, Vineti AM ընկերությունները։
Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18։
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–