ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն ավտոկայանատեղի համար կվճարեն SMS հաղորդագրությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է, որ շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար վճարելու միջոցով։
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է»,– նշվում է հաղորդման մեջ։
ՎիվաՍել-ՄՏՍ–ն այս խնդրի լուծմանը եկել է` Երևանի քաղաքապետարանի և գործընթացին մասնակցող բոլոր կողմերի հետ կառուցողական քննարկումների արդյունքում:
Ընկերությունից նշում են, որ SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղի համար վճարելու մեխանիզմն ի սկզբանե նախատեսված էր որպես ժամանակավոր լուծում, սակայն, ընդառաջելով հարմարավետ ծառայություն մատուցելու հասարակության պահանջին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնել է պահպանել վճարման այդ ձևաչափը և մատուցել ծառայությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-