ArmRobotics–ը երկարացրել է սակրավոր ռոբոտների և անօդաչուների մրցույթների մասնակիցների գրանցման ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ArmRobotics ռոբոտների հայկական առաջնությունը երկարացրել է սակրավոր ռոբոտների և անօդաչուների մրցույթների մասնակիցների գրանցման ժամկետները մինչև հունվարի 25–ը, հայտնում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) պաշտոնական կայքը։
Մրցույթների նպատակը հայ փորձառու մասնագետների որոնումն ու խրախուսումն է, Հայաստանում ռոբոտաշինության ոլորտի զարգացումը։
Մրցույթները կանցկացվեն երեք փուլով` գրանցում, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Գրանցման առաջին փուլը մեկնարկել է նոյեմբերի 8–ին։ Այս փուլում գաղափարների բոլոր հեղինակները հնարավորություն կստանան խորհրդակցել ժյուրիի կազմում ներառված փորձագետների հետ և օպտիմալացնել իրենց մոդելները։ Բացի այդ, նրանք կազմակերպիչներից կստանան բոլոր անհրաժեշտ նյութերն ու դետալները սեփական ռոբոտ արտադրելու համար։
Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կանցկացվեն 2016 թ.–ի փետրվարին և մարտին։ Հաղթողներին կորոշի պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում կներառվեն ինժեներներ և ոլորտի առաջատար մասնագետներ։ Նախատեսվում է, որ հաղթողները կարժանանան խոշոր դրամական մրցանակների մրցույթի գործընկեր Ucom ընկերության կողմից։
Մրցույթին մասնակցելու, գրանցվելու և տեխնիկական բնույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ armrobotics.am կայքում։
Ռոբոտների բաց առաջնությունը (ArmRobotics) Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2008 թ.–ին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր` Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք բաղկացած են եղել չորս ուսանողներից և մեկ առաջնորդից։
Ռոբոտների բաց առաջնության շրջանակում 2009 և 2010 թթ.–ին անցկացվել է արդեն հինգ տեսակ մրցույթ, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար։ -0-