«ԱրմենՏելը» կթվայնացնի Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի ֆիքսված ցանցը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում 2014թ–ի մայիսի վերջին ընկերությունը կավարտի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները։
Համայնքում կիրականացվեն թվային կայանի տեղակայման, գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման, սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, ինչը թույլ կտա ապահովել Մաստարա համայնքի ավելի քան 2000 բնակչի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-