«ԱրմենՏելն» ուսուցիչների համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացման դասընթացներ է անցկացնում ՀՀ մարզերում
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը «Հայաստանի Երեխաներ» հիմնադրամի հետ երկարաժամկետ համագործակցության հուշագրի շրջանակներում շարունակում է «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագրի իրականացումը, որի շրջանակում ուսուցիչների համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացման դասընթացներ են անցկացվում երկրի մարզերում:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, 2011 թվականին ծրագիրն իրականացվել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում, որի ընթացքում ավելի քան 100 ուսուցիչ, անցնելով համապատասխան դասընթացներ, ձեռք բերեցին հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու և տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին:
Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով՝ «ԱրմենՏելը» որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մշտապես աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական խնդիրների լուծմանը:
«Ժամանակակից հասարակությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ թարմացում և արդիականացում: Իրականացնելով այս դասընթացը մենք նպատակ ունենք բարձացնել ուսուցիչների համակարգչային գրագիտությունը և նպաստել ուսուցման գործընթացում թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը` Հայաստանում կրթական մակարդակի բարձացման նպատակով»,- ասել է նա։
Հաղորդագրության համաձայն, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ներկայացուցիչները նախօրեին հանդիպեցին Արմավիրի մարզի Լեռնագոգ և Մյասնիկյան գյուղի ուսուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, դրանց կիրառումով ուսումնասիրվող նյութերի յուրացման արդյունավետության աստիճանի բարձրացման, ինչպես նաև ուսուցիչների ինքնակրթման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ընդգծեցին գյուղերում նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քանի որ ժամանակակից իրողության մեջ կարևոր է ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտելիքների հավասար հասանելիությունը:
Ուսուցիչները կարևորեցին համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրի իրականացումը, քանի որ մանկավարժների մասնագիտական պատրաստվածության, մեթոդական կարողությունների և հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլև արժեհամակարգը: -0-
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ԱրմենՏելը» մատուցում է ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-