Շարժական ինտերնետից ստացված «ԱրմենՏելի» հասույթը 2014 թ.–ի արդյունքում աճել է 0,9 մլն դոլարով` հասնելով 6 մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Շարժական ինտերնետից ստացված «ԱրմենՏելի» հասույթը 2014 թ.–ի արդյունքում աճել է 0,9 մլն դոլարով` հասնելով 6 մլն դոլարի, հինգշաբթի լրագրողներին ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` ներկայացնելով ընկերության ֆինանսական արդյունքներն ու հիմնական ձեռքբերումները։
Նրա խոսքերով` ֆիքսված կապի ծառայություններից ստացված ընդհանուր օպերացիոն հասույթը 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, նվազել է 6 տոկոսով։ 2014 թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 76 մլն դոլար` նախորդ տարի գրանցված 81 մլն դոլարի համեմատ։
«Այս ամենը պայմանավորված է ծառայության նկատմամբ պահանջարկի նվազման գլոբալ միտումով, քանի որ շատերը նախընտրում են օգտվել բջջային հավելվածներից, որոնք թույլ են տալիս անվճար շփվել», – նշեց Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–