ԱրմենՏելը տեղեկացնում է ՏԱՀԿ/PBX աշխատանքին ապօրինի միջամտելու դեպքերի մասին, ինչի հետևանքով որոշ բաժանորդների մոտ պարտքեր են առաջացել
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր բաժանորդներին այն մասին, որ վերջերս արձանագրվել են հանցավոր տարրերի կողմից տեղական (գրասենյակային) ավտոմատ հեռախոսային կայանների (ՏԱՀԿ/PBX) աշխատանքին հեռահար եղանակով ապօրինի միջամտելու դեպքեր:
«Արդյունքում ՏԱՀԿ սեփականատերերի համարներից առանց իրենց իմացության կատարվել են միջազգային զանգեր և առաջացել են զգալի պարտքեր»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Այդ կապակցությամբ «ԱրմենՏել» ՓԲԸ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի» 55-րդ հոդվածի բաժանորդը պարտավոր է չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: Օրենսդրական այս պահանջի կատարումը թույլ է տալիս խուսափել վերոգրյալ իրավիճակներից:
Միաժամանակ «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը զգուշացնում է, որ չսերտիֆիկացված սարքավորումների միացման դեպքում բաժանորդն ամբողջությամբ կրում է դրանց օգտագործման ռիսկերը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ԱրմենՏելը» մատուցում է ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-