«ԱրմենՏել» ընկերությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցում կտրամադրի
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) համակարգում ունեցած խափանումների պատճառով բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցում կտրամադրի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն` ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների:
«ԱրմենՏելի» համակարգի խափանումը տեղի է ունեցել օգոստոսի 7-ի երեկոյան՝ անդրադառնալով բաժանորդների մի մասի վրա:
«ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ:
Հատուցումը` անվճար 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Ս.թ. օգոստոսի 16-ից բաժանորդները կարող են անվճար րոպեներն ու մեգաբայթերը ստանալու հարցումներ հղել ` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն:
Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից Ժ 0:00-ից` 10 օրվա ընթացքում: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը սպառելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
Խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` համաձայն ստացված հարցմանը: Հանձնաժողովի հետ համատեղ կիրականացվի տեղի ունեցածի պատճառների և հետևանքների վերլուծություն:
«Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-