USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Առաջիկա 10 տարիներին Գյումրու տեխնոպարկում մոտ 8 հազար աշխատատեղ կստեղծվի. Էկոնոմիկայի նախարարություն

03.07.2013, 17:31
Առաջիկա 10 տարիներին Գյումրու տեխնոպարկում մոտ 8 հազար աշխատատեղ կստեղծվի, տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Առաջիկա 10 տարիներին Գյումրու տեխնոպարկում մոտ 8 հազար աշխատատեղ կստեղծվի. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առաջիկա 10 տարիներին Գյումրու տեխնոպարկում մոտ 8 հազար աշխատատեղ կստեղծվի, տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Առաջիկա տասը տարիներին Գյումրիի տեխնոպարկում վերապատրաստում կանցնի մոտ 10 հազար ՏՏ մասնագետ, որոնց 80 տոկոսն աշխատանքի կտեղավորվի Գյումրիում գործող ընկերություններում։ Այսօրվա դրությամբ տեխնոպարկում վերապատրաստում է անցել մոտ 350 մասնագետ»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ Ավանեսյանի, տեխնոպարկի զարգացման ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսվում է տասը տարում հասցնել 40–50 մլն դոլարի։

Միաժամանակ նախարարը չի համաձայնվել ՀՀ Վերահսկիչ պալատի  2012թ.–ի հաշվետվության մեջ ներկայացված դիրքորոշման հետ` տեխնոպարկի աշխատանքի անարդյունավետության և հետագա ճակատագրի անորոշության վերաբերյալ։

Նա ընդգծեց, որ ՎՊ–ի քննադատությունը հիմնականում կապված է Գյումրին տեխնոքաղաքի վերածելու ուղղությամբ 2008թ.–ին մշակված նախագիծը չիրականացնելու հետ։

«2008թ.–ին`մինչ ճգնաժամը, կառավարության ծրագրերն ու սպասելիքները բոլորովին այլ էին։ Այժմ այդ հարցը կառավարության օրակարգում չէ։ Ինչ վերաբերում է Գյումրու տեխնոպարկին, դա առանձին ծրագիր է, որը հաջողությամբ իրականացվում է։Արդեն դեկտեմբերին շահագործման կհանձնվի Գյումրու նախկին Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շենքը` 6 հազար քմ մակերեսով»,– ընդգծեց նա։

Բացի այդ, ըստ Ավանեսյանի, ՎՊ–ի հաշվետվության մեջ նշվում է, որ տեխնոպարկում ստեղծված լաբորատորիաները վնասով են աշխատում։ «Տարօրինակ կլիներ, եթե նորարար լաբորատորիաներն առաջին տարիներին շահույթով աշխատեին։ Շահութաբերության մասին դեռ վաղ է խոսելը։ Ծրագիրը երկարաժամկետ է և արդյունքները պետք է գնահատել առնվազն չորս–հինգ տարի անց»,– ավելացրեց նախարարը։
Հայաստանի կառավարությունը 2010թ. մայիսի 27-ին հաստատել է Գյումրու տեխնոպարկի 2010թ. գործունեության ծրագիրը: Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:


2012թ.–ի ապրիլի 29–ին մեկնարկեց տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի` Տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, որի համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել մոտ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ կձևավորվեն հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ։ Միաժամանակ 8,5 մլն դոլարը կկազմեն D-Link International հայտնի ընկերության ներդրումները` Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակներում։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված է իրականացնել երկու տարվա ընթացքում։

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղությունները կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերչություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները:
Տեխնոպարկի շինարարության աշխատանքների իրականացման համար ստեղծվել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը և տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու զարգացման բիզնես–մոդել է մշակվել։

Բացի այդ, САН տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիա հիմնադրելու համար սարքավորում է ձեռք բերվել։

National Instruments ամերիկյան ընկերության հետ համատեղ ծրագիր է իրականացվում, որն ուղղված է նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման աջակցմանը։ Արդեն ավարտվել է մի քանի տասնյակ մասնագետների նախապատրաստման ծրագիրը, ովքեր տիրապետում են արդյունաբերական դիզայնի և եռաչափ մոդելավորման ոլորտում ժամանակակից համակարգչային մոդելավորման գործիքներին։

Նախատեսված է Դիզայնի եվրոպական ինստիտուտի ներկայացուցիչների հետ համատեղ Գյումրիում լաբորատորիա բացել։ Արդեն հիմնադրվել են մեխանիկայի և շինարարական հետազոտությունների լաբորատորիաները։ –0–