Apple–ը փորձարկումներ է կատարում iPhone 7 մոդելների հետ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը թեստավորում է տեխնիկական տարբեր բնութագրերով iPhone 7–ի մի քանի մոդելներ։ Ինչպես գրում է Lenta.ru–ն, այդ մասին պատմել է G for Game պորտալը` հղում անելով Tencent Weibo միկրոբլոգների չինական ծառայությունում առկա իրազեկ աղբյուրների հաղորդմանը։ Ենթադրաբար, մոդելներից մեկում Lightning բնիկը փոխարինել են մեկ այլ USB-C–ով։ Մյուսներն օգտագործում են անլար լիցքավորման, կրկնակի խցիկի և մատնահետքերի սքաների ֆունկցիայի թեստավորման համար, որը ներկառուցված է անմիջապես էկրանի մեջ։ Նոյեմբերի 28–ին ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Apple–ը ծրագրում է iPhone 7–ից հանել ականջակալների ավանդական 3.5–միլիմետրանոց բնիկը` այն փոխարինելով ունիվերսալ պորտով։ Այս նորույթը թույլ կտա սմարթֆոններն ավելի բարակ դարձնել։ Հոկտեմբերի 21–ին Tech Times–ը հայտնել է, որ iPhone 7–ը կարող է մնալ առանց «Տուն» կոճակի։ Պարբերականը վկայաբերել էր Piper Jaffray ներդրումային բանկի վերլուծաբան Ջին Մանսթերին, ով ենթադրություն է արել, թե ընկերությունն այդ նպատակով պատենտավորել է էկրանում ներկառուցված մատնահետքերի սքաները։ iPhone 7–ի տեխնիկական այլ պարամետրերի վերաբերյալ կանխատեսումներից հաջորդը քառամիջուկ պրոցեսորն է, որը հերթական անգամ կգերազանցի իր նախորդներին իր արտադրողականությամբ։ Ակնկալվում է, որ հիշողության առավելագույն ծավալը կկրնապատկվի` մինչև 256 գիգաբայթ։ iPhone–ի ժամանակակից սերունդը ներկայացված է iPhone 6 մոդելային շարքով։ Առավել թարմ տարբերակը` iPhone 6s–ը, պաշտոնապես վաճառքի է դրվել Ռուսաստանում հոկտեմբերի 9–ից։ iPhone 6 և iPhone 6 Plus մոդելները տեղական շուկայում հայտնվել են 2014 թվականի սեպտեմբերի 26–ին։ -0-