Android-ի հարթակի խաղերը հնարավոր կլինի բեռնել անմիջապես որոնողական համակարգից
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը համաժողով է անցկացրել խաղերի մշակողների համար և հայտնել է այն նորամուծությունների մասին, որոնք առաջիկայում ակնկալվում են Android օպերացիոն համակարգի համար։
Ինչպես նշում է iguides.ru–ն, դրանցից ամենահատկանշականն այն է, որ մոտ ապագայում խաղերի փորձնական տարբերակները հնարավոր կլինի գործարկել
Chrome բրաուզերի որոնման արդյունքներից։ Խաղերը կհեռարձակվեն Google–ի սերվերներից, սարքի վրա դրանք տեղադրել պետք չէ։ Հեռարձակումը կաշխատի միայն Wi-Fi միացման դեպքում, իսկ խաղի առավելագույն ժամանակը կկազմի 10 րոպե։
Google Play խաղային բաժնի այլ նորարարությունների թվում նշվում է, որ խանութում կհայտնվի Indie Corner բաժին, որտեղ հնարավոր կլինի հետաքրքիր նախագծեր գտնել անկախ ստուդիաներից և մշակողներից, խաղերը հնարավոր կլինի հեռարձակել անմիջապես YouTube–ում, դրանցում հնարավոր կլինի ներկառուցել ուղղահայաց տեսագովազդ և ցույց տալ գովազդը նրանց, ովքեր վերջին ամսում խաղերում ավելի քան 30 րոպե է անցկացրել։
Այս բոլոր նորամուծությունները հասանելի կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ -0-