USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հյուրն էր

20.03.2018, 17:29
«Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հրավերին արձագանքելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է կենտրոն ու բաց դաս է անցկացրել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հյուրն էր

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հրավերին արձագանքելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է կենտրոն ու բաց դաս է անցկացրել այստեղ սովորող՝ տարբեր տարիքային խմբեր և մասնագիտական հետաքրքրության ոլորտներ ներկայացնող ուսանողների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի պարապմունքները կազմակերպվում են հետևյալ ձևաչափով. նախօրոք ընտրված թեմայի շրջանակներում հրավիրված բանախոսը ներկայացնում է ոլորտը՝ ներառյալ պատմությունը, ներկա զարգացումներն ու ապագայի տեսլականը, որից հետո ծավալվում է քննարկում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հեռահաղորդակցության ոլորտին նվիրված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ուսանողները բանախոսին ներկայացրել են իրենց տեսակետներն ու կարծիքներ փոխանակել, ինչպես նաև գիտելիք են ձեռք բերել կորպորատիվ կառավարման՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարուստ փորձի վերաբերյալ:

«Քննարկումից հետո Ռալֆ Յիրիկյանը լսարանին ներկայացրել է իր կյանքի անցած ճանապարհն ու խոսել հեռահաղորդակցության ոլորտում իր կատարած առաջին քայլերի ու մասնագիտական ուղին կերտելու ընթացքում հանդիպած դժվարությունների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է ընկերության հաջողության պատմությանը՝ խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերության անցած ճանապարհի ու կայացման մասին» - նշվում է հաղորդագրությունում:

«Թամարաքս»-ի ուսանողների շարքում քիչ չեն այնպիսի մարդիկ, ովքեր արդեն իսկ որոշակի հաջողությունների են հասել իրենց մասնագիտական բնագավառներում՝ աշխատելով առաջավոր ընկերություններում կամ որպես մասնավոր ձեռներեցներ: Ուսանողների մի մասն էլ աշխատում է ստարտափ գործարկելու ուղղությամբ:

«Նպատակները պետք է լինեն հստակ, իսկ ակնկալած արդյունքները՝ չափելի: Այդուհանդերձ պետք է պատրաստ լինել նաև նրան, որ ներդրված ջանքերը գուցե և ամենասկզբում հաջողությամբ չպսակվեն: Սակայն պետք է գիտակցել, որ ձեռք բերված հմտություններն ու փորձառությունը մեծ հարստություն են՝ դրանց ճիշտ կիրառման և անձնական աշխատանքի դեպքում: Ցանկացած իրավիճակում պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա և չհանձնվել անգամ ակնկալած արդյունքը չստանալու դեպքում»,- հանդիպման մասնակիցներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանի հանդիպումը մասնակիցների հետ ուղեկցվել է հարց ու պատասխանով: Լսարանին հատկապես ոգեշնչել են Ռալֆ Յիրիկյանի պատկերացումները հայրենասիրության վերաբերյալ: «Եթե օրերից մի օր որոշեք լքել Հայաստանը՝ ուսում ստանալու կամ աշխատելու նպատակով, անպայման վերադարձեք՝ ձեր գիտելիքներն ու փորձը ուղղելով մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մենք պարտական ենք մեր նախնիներին ու հերոսներին՝ հայրենիք ունենալու համար: Մենք պետք է ապրենք մեր հողում, շենացնենք այն ու սերունդներ դաստիարակենք այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թամարաքս»-ը հիմնադրվել է ամերիկահայ Թամար-Արաքս Բարդակջյանի կողմից: Կենտրոնն առաջարկում է լեզուների ծրագրեր, ուսուցում և լեզվի իմացության գնահատում՝ մեծահասակների և փոքրերի համար: Կենտրոնում գործում են նաև երաժշտական դասընթացներ` ջութակի, դաշնամուրի և սոլֆեջիոյի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-