USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

uPay վիրտուալ դրամապանակն արդեն ֆինանսական կազմակերպություն է

26.02.2019, 16:22
Նորաստեղծ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ գործունեության նպատակն է հաճախորդներին մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցումը:
uPay վիրտուալ դրամապանակն արդեն ֆինանսական կազմակերպություն է

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն իր uPay նախագծի շրջանակներում վճարահաշվարկային կազմակերպություն է հիմնել, որը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա։ Նորաստեղծ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ գործունեության նպատակն է հաճախորդներին մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Առաջնային քայլերից է լինելու uPay մասնաճյուղերի վերաբացումը, արդեն uPay ընկերության լիցենզիայի ներքո և տվյալ մասնաճյուղերում ծառայությունների ցանկի ընդլայնումը, իսկ մասնավորապես՝ տեղական և միջազգային դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը: Նշեմ, որ ներկայումս uPay մասնաճյուղերը գործում են Ucom-ի և այլ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակում», - նշել է նորաստեղծ uPay ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

2019 թվականի երկրորդ կեսին uPay ընկերությունը պլանավորում է ներկայանալ uPay բջջային հավելվածի թարմացված, օգտատերերի համար առավել հարմար ու արդիականացված տարբերակով։

«Հիշեցնենք, որ Ucom-ը ներկայացրել է uPay վիրտուալ դրամապանակը 2016 թվականին։ Այն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից», - նշված է տարածած հաղորդագրությունում:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–