Հայաստանի բոլոր դպրոցներում երեք տարում կստեղծվեն ինժեներական և ռոբոտատեխնիկայի խմբակներ. UITE
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր դպրոցներում երեք տարում կստեղծվեն ինժեներական և ռոբոտատեխնիկայի խմբակներ, ուրբաթ Աղվերանում անցկացվող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ամենամյա 15–րդ համագումարի ժամանակ ասաց միության փոխնախագահ Հայկ Չոբանյանը։
«Մենք արդեն Հայաստանի 84 դպրոցներում ունենք ինժեներական և ռոբոտատեխնիկայի խմբակներ, որոնցից 20–ը ինժեներային լաբորատորիաներ են, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Այս պահին մենք ունենք երկու պայմանագիր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ (IDeA), որի շրջանակում ստեղծում ենք չորս ինժեներական լաբորատորիաներ Սյունիքի մարզում և երկրորդ պայմանագիրը` Grand Candy–ի հետ, որը նախատեսում է լաբորատորիաների ստեղծում Տավուշի մարզում և Երևանում», – նշեց Չոբանյանը։
Նրա խոսքերով` ավելի քան հազար երեխաներ արդեն ներգրավված են խմբակների գործունեության մեջ, և կազմակերպված մրցույթները ցույց են տալիս, որ սա ճիշտ ճանապարհ է։
«Մեր նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումը երեխաների մոտիվացիան է, որը պահպանվում է նաև հասուն տարիքում, և նրանք դառնում են լավ պրոֆեսիոնալներ։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք ՏՏ–ոլորտում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ականատեսը կդառնանք», – նշեց Չոբանյանը։
Նա նաև ավելացրեց, որ 2014 թ.–ին Հայաստանում մեծ թափով զարգացել են start-up ծրագրերը, և այդ ամենը շուտով արդյունքներ կտա։
«Նախորդ տարի հայեցակարգ էր մշակվել, ըստ որի` Հայաստանը մինչև 2018 թ.–ը պետք է ներառվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկրների քսանյակում։ UITE–ին հենց այս հայեցակարգի հիման վրա է կառուցում իր աշխատանքը», – ընդգծեց Չոբանյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում այսօր գործում է մոտ 400 ՏՏ–ընկերություն, որոնցից 70–ը UITE–ի անդամներ են։
«UITE–ի գործունեությունը վերջին տարում ուղղված էր ռազմավարական ծրագրերի իրականացմանը, որոնք իրենց հերթին ուղղված էին հայկական ապրանքանիշի զարգացմանը, միջազգային շուկայում այն ներկայացնելուն և աշխատատեղերի ավելացմանը», – նշեց Չոբանյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` այդ ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ–ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով։ –0–