USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

03.05.2019, 16:22
Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ:
Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը տարածաշրջանում առաջինն է ներդնում և գործարկում eSIM տեխնոլոգիան, որն այս պահի դրությամբ գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում։ Այս նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նորագույն սերնդի iPhone-ներում, որոնց մեջ ներկառուցված SIM-ը կոչվում է eSIM։

Այսինքն, եթե բաժանորդների սմարթֆոններն ունեն նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել ծառայությունը և eSIM-ն անմիջապես կգործարկվի։ Արդյունքում բաժանորդները կունենան ևս մեկ հեռախոսահամար իրենց սմարթֆոնում:

«Սա կարևոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը: Այս պահին մեր ընկերությունը բանակցում է նաև Apple Watch 3 կամ 4-ի և մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ», - նշեց Հայկ Եսայանը։

eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR կոդ։ Այնուհետև պետք է բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա, սկանավորել QR կոդը, որից հետո՝ ներբեռնել և հաստատել բաժանորդագրությունը: Այս պարզ քայլերից հետո բաժանորդները կկարողանան վայելել իրենց iPhone-ներն արդեն երկու հեռախոսահամարով:

eSIM ծառայությանը հնարավոր է բաժանորդագրվել Երևանի Ամիրյան 4/7, Հյուսիսային պողոտա 1/2; Yerevan Mall, Արշակունյաց 34; Բագրատունյաց 16/115; Րաֆֆու 39/4; Գայի 17/3; Կոմիտասի 30; Կոմիտասի պող. 8; Էրեբունի 20/52; Տիգրան Մեծի 12/58; Մաշտոցի 5ա/50; Վանտյան 61ա; Սայաթ-Նովա 40/1; Գյումրու Սայաթ-Նովա 7; Վանաձորի Տիգրան Մեծ 61, ինչպես նաև Արմավիրի Հանրապետության 7 հասցեներում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–