Ucom–ը պարզաբանել է Դավթաշենում ընկած սյան հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԱԻՆ–ի տարածած տեղեկությունն այն մասին, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում ընկերությանը պատկանող սյունն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Ինչպես հաղորդել են ԱԻՆ–ի մամուլի ծառայությունից, այսօր` հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են:
ԱԻՆ-ը նշում է, որ «Յուքոմ» ընկերությանը պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Միաժամանակ Ucom-ից հայտնում են, որ ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։
«Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստանում ենք ԱԻՆ–ի մեր գործընկերներից», - հայտնում են ընկերությունից։
Նշվուվ է նաև, որ ընկերության աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը։ Այն գործընկեր օպերատորներից մեկինն է։
Ընկերությունը նաև կոչ է անում շտկել տարածվող տեղեկատվությունը և Ucom ընկերությանը չվերագրել այն, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–