Ucom-ը կշարունակի աջակցել սահմանամերձ համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիային
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը շարունակելու է օժանդակել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, օրեր առաջ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին:
Հակառակորդի անմիջական նշանառության տակ գտնվող միջնակարգ դպրոցում լաբորատորիան բացվել է Ucom ընկերության աջակցությամբ մոտ երկու տարի առաջ:
Եթե երկու տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներների ու ծրագրավորողների պարապմունքներն անցնում էին լարված հոգեբանական իրավիճակում, ապա հիմա դպրոցի շենքը պաշտպանված է երեք մետր բարձրություն ունեցող պատով:
Պատի առկայությունը որոշակի չափով թույլ է տվել երեխաներին կենտրոնանալ ուսման վրա, սակայն ամենօրյա վտանգի պայմաններում նրանք դեռ հստակ չեն պատկերացնում, թե դպրոցական գիտելիքն ինչպես կկիրառեն ապագայում:
«Գյուղն ունի 400 բնակիչ, որից 79-ը հենց այս դպրոցի աշակերտներն են: Դպրոցի շուրջ կառուցված այս պաշտպանական պատն է նրանց ուսման գործընթացի երաշխավորը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցը պետք է լինի ավելի, քան ուղղակի դպրոց: Այն պետք է կապ ստեղծի այս երեխաների ու աշխարհի միջև, ընդլայնի նրանց աշխարհայացքը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխարհը բացահայտելու համար ոչ թե երեխաները լքեն իրենց բնակավայրը, այլ աշխարհն՝ իր ողջ գիտելիքով, բարդություններով ու հնարավորություններով գա գյուղ: Սա հնարավոր է անել թե՛ մեր աշխատակիցների աջակցությամբ, թե՛ ինտերնետի միջոցով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ucom-ը հետամուտ է այս լաբորատորիայում ինժեներական մտածողություն ու ստեղծարար միտք ձևավորելու գործընթացին: Այն մի կողմից դյուրին է, քանի որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում բոլոր ծրագրերի լեզուն հայերենն է, իսկ երեխաները՝ շատ ընդունակ, և մյուս կողմից բարդ է, քանի որ ամենօրյա վտանգը և գյուղի առօրյան շեղում են սեփական ապագան դարբնելու հնարավորությունից:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: –0–