Ucom-ը գործարկեց uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Ucom ընկերությունը գործարկեց uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։ Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով (in-app purchases), նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Նշենք, որ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով uMediaroom հավելվածը Google Play Store-ից կամ App Store-ից, կվայելեն 80-ից ավելի բարձրորակ ալիքների հեռուստաբովանդակությունը, Catch-up հնարավորության շնորհիվ բաց չեն թողնի մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները, կկարողանան ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ և հիշեցումներ տեղադրել սիրելի հաղորդումների համար։ 3․0 թարմացման ընթացքում իրականացվել են նաև iPhone X/Xs-ի հետ համատեղելիության բարելավումներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Առաջարկվող Basic (20 ալիք), Standard (55 ալիք) և Premium (83 ալիք) սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է բացել հավելվածը, սեղմել «Գրանցվել» կոճակը, իսկ այնուհետև՝ «Ստեղծել հաշիվ» կոճակը: Հավելվածում հաշիվը հաջողությամբ գրանցելուց հետո միայն հնարավոր կլինի ձեռք բերել որևէ սակագնային պլան, որը ցանկացած ժամանակ կարելի է փոխարինել ավելի բարձր կամ ցածր ամսավճարով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ հղումով ու Google Play-ից՝ հղումով:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–