USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ի նոր հեռուստատեսային պորտալը հեղինակել են հայ մասնագետները

02.05.2019, 16:39
Ucom ընկերությունը փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով:
Ucom-ի նոր հեռուստատեսային պորտալը հեղինակել են հայ մասնագետները

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը, հավատարիմ մնալով նախապատվությունը տեղական արտադրողին տալու և տեղական լուծումներով առաջնորդվելու իր սկզբունքին, փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ucom-ի հեռուստատեսային ծառայության օգտատերերն արդեն նկատել են նոր պորտալի ինտերֆեյսի փոփոխությունը, որի UX (օգտատիրոջ փորձառություն) և UI (օգտատիրոջ ինտերֆեյս) բարելավման մասով կատարված աշխատանքի արդյունքում uTV բաժանորդներն ունեն ավելի արագ և սահուն աշխատող հարմարավետ պորտալ։ Օրինակ՝ «Սերիալներ» բաժնում հեռուստաբովանդակությունը ցուցադրված է հորիզոնական ցանկի տեսքով և ունի նոր ներքին էջ, որտեղ միաժամանակ երևում են տարբեր եթերաշրջաններն ու դրանց մասերը։ Ակներև են փոփոխությունները նաև «Տեսավարձույթ» բաժնից օգտվող հեռուստասերների համար, քանի որ բաժնում փոխվել է կատեգորիաների և ֆիլմերի պատկերման տրամաբանությունը, ինչպես նաև ավելացել է որոնման հնարավորությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Ուրախ եմ, որ Հայաստանում մենք ինքներս ունակ ենք տեղական լուծումներ առաջարկել՝ որակյալ մեդիա-բովանդակությունը վերջնական սպառողին առանց որակի կորստի ներկայացնելու համար։ Նոր պորտալը պարզապես փոփոխված դիզայն չէ, այն ֆանտաստիկ հնարավորություն է ընձեռում ապագայում խիստ դինամիկ արտապատկերում և 4K որակի տեսաշար ստանալու համար։ Նոր տեխնոլոգիայով գրված պորտալն ընդլայնում է նաև ծրագրավորողների գործունեության դաշտը՝ հարթակ դառնալով այլ նորարարական լուծումների, հավելվածների և գործառույթների ավելացման համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշվում է նաև, որ բարելավվել է համակարգի ընդհանուր որոնման գործառույթը, և հիմա որոնման արդյունքները ցուցադրվում են մեկ ընդհանուր էջում՝ առանձին երևացող համապատասխան ենթաէջերով (Տեսավարձույթ, Ալիքներ, Հաղորդումներ և այլն):

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–