Բիլ Քլինթոնը կատակել է Twitter–ում Բարաք Օբամայի նոր բլոգի առիթով
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Twitter–ում ամերիկացի գործող նախագահ Բարաք Օբամայի նոր միկրոբլոգի վերաբերյալ հեգնական մեկնաբանություն է գրել։
Նախօրեին Բարաք Օբաման նոր բլոգ է ստեղծել @POTUS անունով (President of the United States – ԱՄՆ նախագահ)` https://twitter.com/POTUS «Բարև, Twitter։ Սա Բարաքն է։ Իսկապես։ Վեց տարի անց ինձ վերջապես սեփական էջը տվեցին»,– գրել է ԱՄՆ նախագահն իր առաջին գրառման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ի պատասխան դրան Բիլ Քլինթոնը հետաքրքրվել է, թե ի՞նչ է լինելու Օբամայի միկրոբլոգի հետ վերջինիս` պաշտոնից հեռանալուց հետո` «Բարի գալուստ @Twitter, @POTUS։ Մի հարց` նիկը կմնա՞ որպես Սպիտակ տան սեփականություն»։ Քլինթոնը դրել է #askingforafriend հեշթեգը` ակնարկելով Հիլարիի հավանական նախագահությունը հետագայում։
«Լավ հարց է, @billclinton։Նիկը Սպիտակ տան հետ է։ Չգիտե՞ս ինչ–որ մեկի, ում պետք է @FLOTUS նիկը (First Lady Of the United States, Միացյալ Նահանգների առաջին տիկին` խմբ.)»,– կատակին պատասխանել է Բարաք Օբաման։
Ամերիկացի նախագահն արդեն մեկ միկրոբլոգ ունի Twitter –ում` @BarackObama, այն վարում են ԱՄՆ նախագահի վարչակազմի աշխատողները։ Երբ Բարաքն ինքն է գրում իր գրառումները, դրանք ստորագրվում են։ -0-