Հայ թոշակառուները իրենց «Ինտերնետ –այբուբենը» կունենան
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ինտերնետի այբուբեն» ռուսական ուսումնական ձեռնարկը մշակվել է ավագ սերնդին համակարգից և համացանցից օգտվել սովորեցնելու նպատակով, այն հիմա համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության ծառայություններին, հաղորդում է Ավագ սերնդի քաղաքացիների համակարգչային և ինտերնետային գրագիտության զարգացման հարցերով ազգային շահերի իրականացման համակարգող կենտրոնը։
Ձեռնարկը Հայաստանի համար պատրաստված է ռուսերեն, այն լույս է տեսել Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ։
Ուսումնական ծրագրում ներկայացված են Հայաստանի իշխանական մարմինները, կայքեր, մասնավորապես` Հայաստանի նախագահի, կառավարության, խորհրդարանի, նախարարությունների և գերատեսչությունների կայքերը։ Ձեռնարկում կարելի է գտնել նաև երկու երկրների դեսպանատների, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Ռուս–հայկական սլավոնական համալսարանի պաշտոնական ինտերնետային ռեսուրսները։ Ուսումնական ձեռնարկում ներկայացված են նաև տրանսպորտային և բնակարանային–կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների սոցիալական էլեկտրոնային ծառայությունները։
Ուսումնական ծրագրի մշակմանը մասնակցել են հերոնտոլոգներ, մանկավարժ–հոգեբաններ, ինֆորմատիկայի դասախոսներ։ Ավագ սերնդի համար նախատեսված «Ինտերնետի այբուբենը Հայաստանում» ուսումնական ձեռնարկն արդեն թեստավորվել է թիրախային խմբերում և ամբողջությամբ հարմարեցվել ավագ սերնդի քաղաքացիների համար։ Մշակվել են մեթոդաբանական առաջարկներ։
Նախատեսվում է, որ «Ինտերնետի այբուբենը Հայաստանում» ձեռնարկի շնորհանդեսը տեղի կունենա 2015 թ.–ի նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում «Ինտերնետի այբուբենի» բաց դասերի» շրջանակում։ Նախատեսվում է, որ տպաքանակի մի մասը կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին։ Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև մեթոդաբանական առաջարկները կհրապարակվեն azbukainterneta.ru պորտալում։
«Ինտերնետի այբուբենը» ուսումնական ծրագիրը բարեգործական նախագիծն է։ Տարածաշրջանի երկրներում և արտերկրում ծրագրի ուղեկցման օպերատորը Ավագ սերնդի քաղաքացիների համակարգչային և ինտերնետային գրագիտության զարգացման հարցերով ազգային շահերի իրականացման համակարգող կենտրոնն է։–0–