Ռուսական Ռոստելեկոմի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» ԲԲԸ պատվիրակությունն ի դեմս գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ռոգովոյի, ավագ փոխնախագահներ Մելհորն Կայ–Ուվեի և Լարիսա Տկաչուկի, հայ գործընկերների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Դեռևս ապրիլի 24–ին «Ռոստելեկոմի» նախագահ Սերգեյ Կալուգինն ուղերձով դիմել էր GNC Alfa ՓԲԸ–ի հայկական դուստր ընկերության անձնակազմին, որում, մասնավորապես, ասվում է. «Հիշում ենք 100 տարվա վաղեմության իրադարձությունները և այսօր ձեզ հետ սգում ենք»։
Երևանում անցկացվում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։ Դրանց մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից։ Արարողության հյուրերի թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդման մեջ, մարտի 25–ից մինչ օրս Ռոստելեկոմի գլխամասային գրասենյակի ներքին ցանցում, որի հասանելիություն ունեն ավելի քան 200 հազար աշխատակիցներ Ռուսաստանի ողջ տարածքով, տեղադրված են տեղեկատվական բաններներ և նյութ Հայոց ցեղասպանության մասին։
Նշված նյութում ներկայացված են լուրեր Հայոց ցեղասպանության թեմայով տեղեկատվական կայքերի և հեշթեգերի, 100–րդ տարելիցի և ՌԴ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի մասին։
«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:
GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:
«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:
Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: -0-