USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը

23.10.2017, 18:06
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կաջակցի «Երևան` խելացի քաղաք» նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը։
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցել «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը:

Համաձայն հուշագրի Երևանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատրաստակամություն է հայտնել «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի միջոցով կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների և առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։

«Համագործակցության հուշագիրը ստորագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ն, իր հերթին, սոցիալական ներդրումների իր ծրագրի շրջանակներում, կաջակցի «Երևան` խելացի քաղաք» նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք, նորարարական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքների ստեղծման միջոցով, կնպաստեն Երևան քաղաքի հետագա զարգացմանը», – ասված է տարածած հաղորդագրությունում։

«Ժամանակակից քաղաքն անհնար է պատկերացնել առանց արդի տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքի: Դժվար է գերագնահատել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ հանձին նախագահ Արմեն Բալդրյանի, հուշագրի ստորագրման շրջանակներում իր պատրաստակամությունն է հայտնել միության անդամների միջոցով մասնակցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին, ինչպես նաև աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն միջոցառումներին, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նորարարական լուծումների կիրառմանը։

«Մեծապես կարևորելով Երևան քաղաքի ենթակառուցվածքների հետագա արդիականացումը և քաղաքի միջազգային վարկանիշի բարձրացումը՝ կողմերը կհամագործակցեն տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական լուծումների մշակման և կիրառման ոլորտում», – նշվում է հաղորդագրությունում:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-