Հինգ հայկական startup ներդրումային նախագծերը դրամաշնորհներ կստանան STEP ծրագրի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգ հայկական startup ներդրումային նախագծերը` Scycryptor–ը, Movie Trip–ը, InstaJob–ը, Tree Scale–ն ու Localz–ը, ֆինանսական աջակցություն կստանան «Գաղափարից դեպի շուկա» գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում, հաղորդում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացվել է 90 նախագիծ, որոնցից եզրափակիչ է անցել միայն 26 ներդրումային նախագիծ։
Հաղթողները ստացել են ֆինանսավորում 6 հազարական դոլարի չափովի CRDF Global–ի և 2,8 միլիոն դրամի (մոտ 6 հազար դոլար) չափով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Scycryptor նախագիծն իրենից ներկայացնում է ամպային տեխնոլոգիա կոդավորված տվյալներ պահելու համար։ Movie Trip–ը հավելված է, որը նախատեսված է տուրիզմով և կինոյով հետաքրքրվողների համար։ Այն ներկայացնում է իրական վայրեր և երկրներ, որոնք, այսպես թե այնպես, կապված են տարբեր ֆիլմերի հետ։
InstaJob հավելվածը թույլ է տալիս գործատուներին և հայցորդներին գտնել հետաքրքիր հավելվածներ հեռախոսի միջոցով։ Tree Scale հավելվածը նախատեսված է փոքր օբյեկտների քաշը չափելու համար, իսկ Localz–ը ներկայացնում է ցանցային հարթակ, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են էքսկուրսավար գտնել Հայաստան այցելելու համար։
STEP –ի «Գաղափարից դեպի շուկա» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն 9–րդ անգամ և նախատեսված է ինովացիոն նախագծերի, start-up ընկերությունների, գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար։
STEP ծրագիրն իրագործվում է 2006 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF Global) ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է հայ մասնագետների օժանդակությունը նորարարական արտադրանքի շուկայում ներկայանալու, նոր ձեռնարկությունների ստեղծման, գործող ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության հարցում: Ծրագրի շրջանակներում տրվում են դրամաշնորհներ, անցկացվում են կլաստերային սեմինարներ, բիզնես-դասընթացներ, տրամադրվում են իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություններ։–0–($1 – 474,38 դրամ)