Հայաստանում «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի անցկացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում և նպաստում ուսուցման գործընթացին:
Մրցույթը մեկնարկում է մարտի 26–ին և նախատեսվում է անցկացնել 2 փուլով։ Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական և ավագ դպրոցների աշակերտները։
Առաջին փուլում մարտի 26-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ մասնակիցները կարող են ուղարկել իրենց աշխատանքները info@eiu.am էլեկտրոնային հասցեին։ Երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին՝ ապրիլի 20-ից մինչև 30-ը:
ՀՀ ԿԳՆ, Beeline-ի և վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված աշխատանքները, որի արդյունքում կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը:
Այն աշխատանքի հեղինակը, որը ֆեյսբուքյան էջում կստանա ամենաշատ հավանությունը, կպարգևատրվի խրախուսական մրցանակով:
«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նա համոզմունք է հայտնել, որ մրցույթը ոչ միայն մասնակիցների համար կդառնա նոր բացահայտումների առիթ և նորովի կխթանի ՏՏ կիրառումն ուսումնական գործընթացում, այլ կօգնի տաղանդավոր երիտասարդներին սեփական ուժերով փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանն իր հերթին ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր դարձել են մեր կյանքի անբաժան մասը, և կրթական համակարգի առաջընթացը գրեթե ամբողջությամբ կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։
«Այսօրվա աշակերտներին վիճակված է ապրելու և ստեղծագործելու տեղեկատվական տեխնոլոգիաներով առավել զարգացած միջավայրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել այս ոլորտի ընձեռած հնարավորություններին, այլ նաև պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին», – նշել է Օհանյանը։
Ծրագրին աջակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հիմնադրվել է 1997 թ.–ին։ Ուսումնական հաստատությունում դասավանդման հիմնական մեթոդաբանությունը կրթության դասական, ավանդական և նորարարական մեթոդների համադրությունն է։ Վարժարանում կիրառվում է կողմնորոշիչ ուսուցում և ծնող–ուսուցիչ–աշակերտ–տնօրինություն փոխհամաձայնեցված համակարգը։
ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–