«Ռոստելեկոմը» և «Իդրամը» հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց հնարավոր է վճարումներ կատարել նաև «Իդրամ» ցանցով ընկերության կայքի միջոցով, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։
Ծառայությունը հասանելի կլինի նաև «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS և Android հարթակներում նախատեսվում են առաջիկա օրերին։
Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» Ինտերնետ հասանելիություն, Հեռախոսակապի և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաև առցանց համակարգով՝ հնարավորինս մոտեցնելով և հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։
«Ռոստելեկոմը» հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկային հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է ընկերությանն պաշտոնական կայքի «Վճարումներ» բաժնում։
«Իդրամ» վճարային համակարգը (www.idram.am) Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում: «Իդրամ» ընկերությունը 2012թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:
Ընկերության գործունեության առաջնային նպատակներն են տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում, հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք, կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ 2012 թ.–ի վերջում Rostelecom–ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության ու հեռախոսային կապի ծառայություններ։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։
«Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։
Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–