Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը համացանցում մի քանի անգամ աճել է Քիմ Քարդաշյանի այցելությունից հետո. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google Trends–ի տվյալներով, վերջին շաբաթ «Where is Armenia» որոնողական հարցումների թիվն աճել է 7.5 անգամ, Wikipedia–ում անգլերեն լեզվով Հայաստանի մասին էջը սկսել են այցելել մոտ 7 անգամ ավելի, երեքշաբթի հայտնել է երևանյան «168 ժամ» թերթը` այդ ֆենոմենը բացատրելով Քիմ Քարդաշյանի` վերջերս երկիր կատարած այցով։
Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել ապրիլի 8-ին ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Հայաստան այցելու պատճառ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պարբերականին, «Where is Armenia» արտահայտությամբ որոնումն աճել է 7.5 անգամ (650%–ով)։ Այսինքն, Հայաստանի գտնվելու վայրն իմանալ ցանկացողների թիվը մեկ շաբաթում զգալիորեն աճել է։ «Դա հենց այն է, ինչի մասին մենք ասում էինք` Քարդաշյանների այցելությունը Հայաստան ավելացրել է արտասահմանցիների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ»,– գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ «Kardashian Armenia» արտահայտության որոնումների հաճախականությունն աճել է 18.5 անգամ, իսկ «Kardashian in Armenia», «Kim in Armenia» որոնումները` ավելի շատ։
«Քիմի էֆեկտը» բավականին լավ նկատելի է արդեն անվճար առցանց անվճար Wikipedia հանրագիտարանի վիճակագրությունից։ Հայաստանի մասին էջը Wikipedia–ում անգլերեն լեզվով վերջին ամսում դիտվել է, միջինը, օրական 5 հազար անգամ։ Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցի օրերին, նրանց շնորհիվ, Wikipedia–ում Հայաստանի մասին էջ են մտել 35 հազար լրացուցիչ այցելուներ։
«Այսինքն, այդքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլ կոնկրետ հետարքրքվել` ինքնուրույն փորձելով տեղեկություն գտնել մեր երկրի մասին»,– գրում է թերթը։ -0—