USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Քարագլուխ գյուղում ավարտվել է Էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլը

13.03.2019, 17:55
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։
Քարագլուխ գյուղում ավարտվել է Էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ավարտվել են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Այս անգամ լուսավորվել են երկորդական փողոցները՝ լուսավորելով 1900մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 51 LED լուսարձակ:

Գյուղում արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: Գործակցող կողմերի շնորհիվ, արտաքին լուսավորության ժամանակակից լուծումն այս գյուղ է մտել 2017 թվականի ձմռանը: Այդ ժամանակ լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:

«Քարագլխի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Այն ոչ միայն արդյունավետ է էներգիայի խնայողության, ֆինանսական միջոցների տնտեսման, այլև երեկոյան ժամերին՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու առումով: Ըստ էության, էներգախնայող համակարգի ներդրումը համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

«Հայաստանում տարեցտարի ավելանում են էներգախնայող համակարգից օգտվող գյուղերը: Դա կարևոր ձեռքբերում է բոլոր կողմերի համար: Որպես ծրագիրն իրականացնողներ՝ կարող ենք արձանագրել, որ այս ուղղությամբ կատարվող ներդրումներն արդարացված են: Մենք նպաստում ենք ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև անմիջական աջակցություն ենք ապահովում համայնքային միջոցների խնայողության հարցում և մասամբ էլ նպաստում գյուղերի համաչափ զարգացմանը: Բնակավայրերից շատերի բնակիչներն արդեն հասցրել են քիչ թե շատ զգալ համակարգի արդյունավետությունը: Ծրագիրը երկարաժամկետ է և առավել ընդգծված օգուտ է ապահովելու տարիներ անց»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Նշվում , որ գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-