USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ փոխվարչապետ. Հայաստանը կօգտագործի ՏՏ–ի զարգացման իսրայելական փորձը

13.11.2015, 20:03
Հայաստանը կփորձի օգտագործել ՏՏ ոլորտի զարգացման գործում Իսրայելի փորձը` հնարավորինս հարմարացնելով այն հայկական պայմաններին։
ՀՀ փոխվարչապետ. Հայաստանը կօգտագործի ՏՏ–ի զարգացման իսրայելական փորձը

ԴԻԼԻՋԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կփորձի օգտագործել ՏՏ ոլորտի զարգացման գործում Իսրայելի փորձը` հնարավորինս հարմարացնելով այն հայկական պայմաններին, ուրբաթ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Դիլիջանում կազմակերպված Բիզնես–նորարարությունների 3–րդ միջազգային համաժողովի շրջանակում։

Գաբրիելյանի խոսքով` սպասումները կապված են ինքնաբավ և կայուն զարգացող ոլորտի ստեղծման հետ, ինչն արդյունքում կնպաստի զբաղվածության ավելացմանը։

 «Կարող եմ գոհունակությամբ նշել, որ նման աճ ոլորտում արդեն առկա է։ Մենք պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ, քանի որ ունենք մասնագետների խրոնիկ պակաս», – ասաց նա։

«Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար օտարերկրյա փորձն ընդօրինակելուց առաջ պետությունը պետք է դիմի սեփական փորձին կրթական հաստատություններում համապատասխան ինժեներական և ռոբոտոտեխնիկայի խմբակներ ստեղծելու տեսակետից։

Վարդանյանը նաև նշեց, որ այս պահին ՏՏ ոլորտում պետության կողմից իրականացվող փորձերի մեծ մասը չի համապատասխանում ոլորտի մասնակիցների սպասումներին։

2014 թ.–ի տվյալներով` Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է 400 ընկերություն, որտեղ աշխատում է 11 հազար մարդ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է տարեկան 20–25 տոկոսի աճ։ Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս։ Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն` 2018 թ.–ին նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն։

Բիզնես–նորարարությունների 3–րդ միջազգային համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 13–ին Դիլիջանում։ Համաժողովին մասնակցում են տեղական և օտարերկրացի գործարարներ, բիզնես–միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ։

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Համաժողովի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը։

Բիզնես–նորարարությունների առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Դիլիջանում 2013 թ.–ի նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը։–0–