USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ

08.11.2017, 15:07
Նպատակը մեկն է ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը:
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է բնապահպանությանն ուղղված քայլերը՝ լուրջ հաջողություն արձանագրելով գործադրվող ջանքերի, իրականացվող ծրագրերի և նպատակասլաց գործընկերության միջոցով: Այդ հարցում զգալի ներդրում է կատարում հիմնադրամի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նպատակը մեկն է ունենալ Խոսրովի անտառ-պետական արգելոցի բուֆերային գոտի, ապագա սերունդների համար պահպանել Հայաստանի հարուստ բնությունը և ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը:

«Տարիների ջանքերի շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել բավականին համարձակ նախագիծ. սակավաջուր, 400 հա գրեթե տափաստան հիշեցնող հողատարածքում ստեղծել հատուկ պահպանվող տարածք՝ արձանագրելով տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ և գործընթացում ներգրավել ոչ միայն մասնագետների ու միջազգային կառույցների, այլև Ուրցաձոր համայնքի բնակիչներին: Գյուղն, ի դեպ, մեկն է այն 20-ից, որոնց փողոցները համատեղ ջանքերով լուսավորվել են բնապահպանական ու նորագույն՝ էներգախնայող LED լուսավորության համակարգով», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Ինչպես հայտնում են ընկերությունից, արդեն 7 տարվա պատմություն ունեցող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքն այժմ 20 հազար հեկտար է: Այն նաև յուրօրինակ՝ փորձարարական նշանակության միջավայր է: Ապաստարանը կառավարող հիմնադրամի ձեռքբերումները տարեցտարի ավելանում են:

«Ճշգրիտ հաշվարկների և թիրախավորված աշխատանքի արդյունքում, այստեղ ստեղծվել է գիտական ուսումնասիրությունների անտառակայան, տեղական ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի բնության փրկարար, ինչպես նաև թռչունների բազմացման կենտրոններ, կենդանաբուժական կլինիկա, Էկո-կրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկո-տուրիզմի զարգացման համար», – նշում են ընկերությունից:

Ընկերության մամուլի ծառայությունը նշում է նաև, որ հիմնադրամի ուշադրության կենտրոնում այժմ Կարմիր գրքում գրանցված գորշ արջերն են: Այդ նպատակով տարածքում ավարտին է մոտենում արջերի վերականգնողական կենտրոնի ու կարանտինային նախապահման կայանի շինարարությունը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-