USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Մեկնարկել է «Orange Գրքի մրցանակ 2013» երրորդ մրցույթը

16.10.2013, 14:44
Մեկնարկել է «Orange Գրքի մրցանակ 2013» երրորդ մրցույթը, չորեքշաբթի լրագրողներին ասել է Orange Armenia ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Մեկնարկել է «Orange Գրքի մրցանակ 2013» երրորդ մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեկնարկել է «Orange Գրքի մրցանակ 2013» երրորդ մրցույթը, չորեքշաբթի լրագրողներին ասել է Orange Armenia ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրոնային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին:

Մկրտչյանի խոսքերով` մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013թ. դեկտեմբերի 26-ը հայերենով (արևելահայերեն կամ արևմտահայերեն) և նախկինում չհրատարակված գրական ստեղծագործությունը ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:

«Մրցույթն անցկացվում է 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, միակ նախապայմանը ներկայացված ստեղծագործություններում ցանկացած տեսակի խտրականության բացակայությունն է», – ասել է Մկրտչյանը։

Նա նշել է, որ լավագույն երեք ստեղծագործությունները կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում ժողովրդական քվեարկության համար։ Հաղթողների անունները կհրապարակվեն 2014թ. մարտի 28-ին՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Նրա խոսքերով` բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին  կշնորհվեն դրամական պարգևներ (300 000-ական դրամ), իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով:

«Նախորդ տարի ներկայացված ստեղծագործությունները թույլ տվեցին փոխել կարծիքը ժամանակակից հայ գրականության մասին և մեծ հույսեր ունենալ գեղարվեստական գրականության զարգացման հարցում», – նշել է Մկրտչյանը։

«Հայ գրքի կենտրոն» ՀԿ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանն իր հերթին առաջարկել է հետագայում թարգմանել հաղթողների ստեղծագործությունները օտար լեզուներով և թողարկել էլեկտրոնային ձևաչափով։ Նա նաև նշել է, որ մրցույթը հանրաճանաչ դարձնելու նպատակով կենտրոնն այս տարի նախատեսում է թողարկել հրապարակված գրքերի կոմիկսային տարբերակը։

Մրցույթն իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: Ժյուրիի կազմում ընդգրկված են «պրոֆեսիոնալ ընթերցողներ»` լրագրողներ, բլոգերներ, ճարտարապետներ, հայագետներ, գեղարվեստական գրականության թարգմանիչներ, Orange Armenia գրքի նախկին մրցույթի հաղթողը։ Առանձին քվեարկություն է անցկացվելու ընկերության ֆեյսբուքյան էջում։

Orange Armenia–ի գրքի մրցույթին 2012 թ.–ին ներկայացվել էր 470 հայտ, իսկ 2011 թ.–ին` 130։ Մրցույթի արդյունքում ընդհանուր առմամբ հրատարակվել է ինը գիրք։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ , ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին։–0–