Հայաստանում մեկնարկել է Orange–ի կամավորների առաջին շաբաթը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է Orange–ի կամավորների առաջին շաբաթը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու և դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու և այլ աշխատանքներով
«Հպարտ ենք մեր այն աշխատակիցներով, ովքեր այս օրերին իրենց երկրներում աջակցում են տարբեր հասարակական կազմակերպություններին և խոցելի խմբերին ամենատարբեր տիպի աշխատանքներով. սկսած հաշմանդամների հետ աշխատանքից և վերջացրած ինտերնետային գրագիտության բարձրացմամբ»,– ասել է Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի Եվրոպայի տարածաշրջանի մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Ստեֆան Բուշին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:
Նախապես հայտարարված այս նախագծով հետաքրքրվել են 20 հայաստանյան կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց կարիքները: Կամավորների շաբաթին գրանցված Orange-ի մարքեթինգի, հաշվապահության, ՏՏ և վաճառքի բաժինների 18 աշխատակիցները նրանց կօգնեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են էլեկտրոնային ամսագրի ստեղծումն ու համակարգումը, մարքեթինգային պլանի կազմումը, վեբ կայքի ստեղծումը և համակարգումը, Microsoft Excel ծրագրի կիրառումը հաշվապահության մեջ։
Orange-ին օգնության համար դիմած կազմակերպությունները շատ բազմազան են` կրթական, երաժշտական, շրջակա միջավայրի պահպանման, կանանց իրավունքների ՀԿ-ներ, բժշկական կենտրոն:
Կազմակերպությունների մի մասը գտնվում է մարզերում, այնպես որ այս շաբաթվա ընթացքում Orange-ի կամավորները կլինեն Լոռու Դսեղ գյուղում, Արագածոտնի Թալին քաղաքում, Գեղարքունիքի Գավառ քաղաքում, Կոտայքի Չարենցավան քաղաքում և այլուր, իսկ նրանցից երկուսն իրենց աջակցությունն ու խորհրդատվությունը Տավուշի մարզում գտնվող կազմակերպություններին կիրականացնեն տեսազանգի միջոցով:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-