USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կառավարությունն առաջարկում է ԱԱՀ–ից ազատել ինտերնետի տարանցիկ փոխադրման օպերատորներին

30.01.2014, 18:13
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի համաձայն` ինտերնետի տարանցիկ փոխադրման օպերատորները կազատվեն ԱԱՀ–ից։
Կառավարությունն առաջարկում է ԱԱՀ–ից ազատել ինտերնետի տարանցիկ փոխադրման օպերատորներին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի համաձայն` ինտերնետի տարանցիկ փոխադրման օպերատորները կազատվեն ԱԱՀ–ից։

Ինչպես ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը օրինագիծը ներկայացնելիս, այժմ Հայաստանի տարածքով անցնում են տարանցիկ օպտիկամանրաթելային մալուխներ, որոնք Վրաստանից դեպի Իրան տարանցիկ ինտերնետ են ապահովում։

«Հեռահաղորդակցության ոլորտը կառավարության կողմից կարևոր գործոն է ճանաչվել Հայաստանի տնտեսության զարգացման համար, բացի այդ  տարանցիկ ինտերնետը հանրապետության համար ռազմավարական բնույթ է կրում», – նշել է Մինասյանը։

ՀՀ ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանն իր հերթին նշել է, որ ինտերնետի տարանցիկ փոխադրման օպերատորները փաստացի արդեն ազատված են ԱԱՀ–ից, և լրացումը միայն արձանագրում է դա։

Հայաստանի ԱԺ–ի կողմից լրացումներն ընդունելու դեպքում դրանք կտարածվեն ինտերնետի տարանցիկ փոխադրման օպերատորների բոլոր գործողությունների վրա սկսած 2013 թ.–ի հունվարի 1–ից։

Այժմ Հայաստանում ինտերնետի տարանցիկ փոխադրում են իրականացնում «ԱրմենՏել» (ապրանքանիշը` «Beeline») և «GNC Alfa» (ապրանքանիշը` «Ռոստելեկոմ») ընկերությունները, ինչպես նաև մասամբ VivaCell-MTS ընկերությունը ( «МТС»–ի դուստրը)։–0–