Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2018 թվականի հուլիսի 26-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:
Նշվում է, որ նամականիշի վրա ներկայացված է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված լոգոտիպը և մի հատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության կողմից կազմակարպված միջոցառումներից՝ տեղադրված սկաուտի տեսքով պատկերում:
«Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՄԸՄ-ն կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 880 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը: –0–