USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը այս տարի ևս միավորեց ամենատարբեր մասնագիտության ուսանողների մեկ նպատակի շուրջ

18.07.2017, 17:21
Ամփոփվեց «Ռոստելեկոմի» «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը, որը երրորդ տարին է, ինչ միավորում է հայաստանյան ամենատարբեր բուհերի ու մասնագիտությունների 20 ուսանողների:
«Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը այս տարի ևս միավորեց ամենատարբեր մասնագիտության ուսանողների մեկ նպատակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամփոփվեց «Ռոստելեկոմի» «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը, որը երրորդ տարին է, ինչ միավորում է հայաստանյան ամենատարբեր բուհերի ու մասնագիտությունների 20 ուսանողների մեկ նպատակի շուրջ՝ հաղթելու և ընդգրկվելու «Ռոստելեկոմի» անձնակազմում։

Նրանք, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ ուսուցմանը` անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացել են ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու աշխատանքի նրբություններին, անցել ինտերակտիվ ուսուցում ամենատարբեր թեմաներով՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական հարցերից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ, կազմել համատեղ նախագծեր, մասնակցել մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերել նոր ընկերներ։

Հուլիսի 18-ին ամփոփվեցին արդյունքներն ու մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին` Լիլիթ Գրիգորյանին (4-րդ կուրս, Տեղեկատվական անվտանգություն բաժին, Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, ՀԱՊՀ) առաջարկվեց եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել «Ռոստելեկոմի»՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Ամփոփիչ հանդիպմանը մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր և առաջիկա թափուր հաստիքների դեպքում կդիտարկվեն նաև նրանց թեկնածությունները։

«Մեզ համար շատ կարևոր է լինել երկխոսության մեջ երիտասարդների հետ, նրանց ներկայացնել ընկերության կորպորտատիվ կառավարման սկզբունքները։ Համոզված եմ, որ այստեղ ստացած գիտելիքները մեծապես կնպաստեն նրանց հետագա կարիերայի զարգացմանը։ Մեր նախագծի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ինքնավստահություն, պատկերացում են կազմում գրասենյակային և խոշոր ընկերություններում աշխատանքի մասին։ Հատկանշական է, որ նախորդ տարիների մասնակիցներից ուսանողները աշխատանքի են անցել մեր ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում և հաջողությամբ համատեղում են աշխատանքն ու ուսումը», – նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նախագծին կարող են մասնակցել ուսանողներ ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից, ինչպես նաև մագիստրատուրայից: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է երրորդ անգամ, և ընտրությունն իրականացվում է մասնակցել ցանկացող մեծաթիվ ուսանողների շրջանում։

 «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–