USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հինգ հայկական ներդրումային նախագծեր ֆինանսական աջակցություն կստանան «Գաղափարից դեպի շուկա» ծրագրի շրջանակում

05.12.2013, 14:44
Հինգ հայկական ներդրումային նախագծեր ֆինանսական աջակցություն կստանան «Գաղափարից դեպի շուկա» ծրագրի  շրջանակում, հինգշաբթի ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր»  (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում նորարարությունների խթանում» վենչուրային համաժողովի ընթացքում։
Հինգ հայկական ներդրումային նախագծեր ֆինանսական աջակցություն կստանան «Գաղափարից դեպի շուկա» ծրագրի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգ հայկական ներդրումային նախագծեր ֆինանսական աջակցություն կստանան «Գաղափարից դեպի շուկա» ծրագրի  շրջանակում, հինգշաբթի ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր»  (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում նորարարությունների խթանում» վենչուրային համաժողովի ընթացքում։

Նրա խոսքով` համաժողովի ընթացքում կներկայացվի 25 ներդրումային նախագիծ, որոնք մշակվել են հայ հետազոտողների և սթարթափերների կողմից` «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

«Այս տարի ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 70 հայտ, իսկ նախորդ տարի հայտերի թիվը չէր գերազանցում 30–40–ը, ինչը շուկայում անցկացվող աշխատանքի արդյունքն է», – ասել է Ենգիբարյանը։

Նրա խոսքով` այս տարի համաժողովը կանցկացվի երկու ուղղությամբ` աջակցություն նորաստեղծ ընկերություններին, որոնք կստանան 5 հազար դոլարի չափով ֆինանսական աջակցություն և Սիլիկոնային հովիտ այցելելու հնարավորություն` պոտենցիալ ներդրողների, Վենչուրային հիմնադրամների, «բիզնես–հրեշտակների» հետ հանդիպելու համար` ընկերության զարգացման նպատակով ներդրումներ գրավելու համար։

Ինչպես նշել է Ենգիբարյանը, երկրորդ ուղղությունն այն թիմերին աջակցություն տրամադրելն է, որոնք արդեն գաղափար են մշակել և գտնվում են իրենց մշակումների նախատիպը ստեղծելու փուլում, որոնցից լավագույնները գաղափարի զարգացման նպատակով կստանան 15 հազարական դոլար։

«Ընդհանուր առմամբ կֆինանսավորվի հինգ ծրագիր, որոնք կկարողանան հետագայում ևս դրամաշնորհներ, համաֆինանսավորում և Վենչուրային հիմնադրամի միջոցներ ներգրավել, ինչը լուրջ խթան կդառնա հիմնադրամի համար նոր նախագծերի ներգրավման գործում», – ասել է EIF–ի ղեկավարը։

Նա նաև կարևորել է համաժողովին պոտենցիալ ներդրողների մասնակցությունը, ովքեր կարող են ինքնուրույն ընտրել իրենց նախընտրած նախագիծն ու ֆինանսավորել դրա զարգացումը։

Այս տարվա նորույթների թվում Ենգիբարյանը նշեց այն փաստը, որ այս անգամ թիմերը միանգամից պատրաստ նախագիծ չեն ներկայացրել, այլ աջակցություն են ստացել նախագծի մշակման համար օտարերկրյա համակարգողների կողմից, ովքեր տվել են անհրաժեշտ խորհուրդներ ինչպես նախագծի պատրաստման, այնպես էլ ներդրողների ներգրավման նպատակով այն ներկայացնելու հարցում։

Ծրագրերի ընտրության հիմնական չափորոշիչների շրջանում նա նշել է գաղափարի իրատեսական լինելը` ընդգծելով, որ առավելություն են ստանում այն նախագծերը, որոնք անցել են գաղափարի ձևավորման փուլից ապրանքի մշակման փուլ, նաև հաշվի է առնվելու ապրանքի մասշտաբայնությունը։

Նրա խոսքով` նախագծերի հիմնական մասը ներկայացված է ՏՏ ոլորտում` սկսած բջջային և վեբ տեխնոլոգիաներից մինչև բարդ տեխնիկական լուծումներ։ Այս տարի ներկայացված են նաև նախագծեր համալիր engineering-ի ոլորտում, որոնք ունեն իրենց նախատիպերը, կան նաև նախագծեր դեղագործության, բիոտեխնոլոգիաների, էներգետիկայի, էներգիայի նոր աղբյուրների որոնման ոլորտներում։

«Եթե ավելի վաղ ծրագրերը ներկայացվում էին միայն գաղափարների մակարդակում, հատկապես` էներգետիկայի ոլորտում, ապա հիմա նախագիծը ներկայացվում է միանգամից իր նախատիպով և պոտենցիալ շուկայով, ու մշակողները փնտրում են միայն ֆինանսավորում շուկա դուրս գալու համար», – ասել է Ենգիբարյանը։

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ–ի քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։

STEP ծրագիրն իրագործվում է 2006 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF Global) ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է հայ մասնագետների օժանդակությունը նորարարական արտադրանքի շուկայում ներկայանալու, նոր ձեռնարկությունների ստեղծման, գործող ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության հարցում: Ծրագրի շրջանակներում տրվում են դրամաշնորհներ, անցկացվում են կլաստերային սեմինարներ, բիզնես-դասընթացներ, տրամադրվում են իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություններ։–0–