Հայաստանում «My Оrange» բջջային հավելվածի բաժանորդները կկարողանան անվճար օգտվել PicsArt ֆոտոխմբագրից
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերության «My Оrange» բջջային առաջարկին միացած բաժանորդները կկարողանան անվճար ներբեռնել և օգտագործել հայտնի բջջային հավելվածը` PicsArt ֆոտոխմբագիրը, հայտնեց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
PicsArt-ը նկարների խմբագրման և նկարելու հնարավորություն ընձեռող անվճար և լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար:
Orange-ի և PicsArt-ի համագործակցության արդյունքում Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ ու քլիփարտներ ներբեռնելու բացառիկ հնարավորություն՝ մինչև 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
«Մեր օրերում շարժական կապի հայկական շուկան արագ տեմպերով զարգանում է, ինչին համաքայլ աճում է նաև բջջային հավելվածների նկատմամբ պահանջարկը: Անցյալ տարի նոյեմբերին մենք ներկայացրեցինք «My Orange» բջջային հավելվածը, որի միջոցով այսօր արդեն 5000-ից ավելի Orange բաժանորդներ կարողանում են հեշտորեն օգտվել Orange-ի ժամանցային ծառայություններից և կառավարել իրենց հաշիվները: Այսօր մենք ուրախ ենք PicsArt-ի հետ մեր համագործակցության մեկնարկի համար, որն, անկասկած, զարգացում կունենա: Մոտ ապագայում մեր բաժանորդներից յուրաքանչյուրը My Orange-ում կգտնի իր նախընտրած հավելվածների տեսականին», - հինգշաբթի ասուլիսի ժամանակ նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ծրագրի օգնությամբ կարելի է լուսանկարներ նկարել, տարբեր էֆեկտներ կիրառել դրանց նկատմամբ, զանազան դիմակներ, շրջանակներ, սահմանագծեր, տեքստ դնել, ավելացնել մեկնաբանություններ, կարգավորել գույները և այլն։ Նաև կան նկարելու համար գործիքներ, օրինակ, զանազան վրձիններ, մատիտներ և այլն։ Պատրաստի աշխատանքները կարելի է կիսել PicsArt սոցցանցում կամ հրապարակել դրանք Facebook, Twitter, Flickr, Picasa, Dropbox, Fouresquare, Tumblr, Blogger ցանցերում, ուղարկել կարճ հաղորդագրությամբ և էլեկտրոնային հասցեով։
PicsArt հավելվածի ստեղծող Socialin Inc. ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանն իր հերթին նշեց, որ ամեն օր մեծանում է հեռախոսների օգտագործմամբ իրենց նկարները ձևավորող մարդկանց թիվը, և հայերն այս առումով բացառություն չեն:
«Աշխարհում արդեն շուրջ 110 միլիոն օգտատեր ներբեռնել են PicsArt բջջային հավելվածն ու օգտագործում են այն իրենց նկարների ստեղծման և ձևավորման համար: Ուրախ ենք, որ Orange-ի հետ մեր համագործակցության արդյունքում Orange բաժանորդները իրենց նկարների ձևավորման համար PicsArt-ի վճարովի քլիփարտների և տառատեսակների փաթեթները կստանան անվճար»,– ասաց Ավոյանը, ավելացնելով, որ ընկերությունը մեծ պահանջարկ է վայելում ամերիկյան և եվրոպական շուկայում։
My Orange հավելվածը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը։ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված այդ հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում:
«Orange Armenia»–ն France Telecom (Orange ապրանքանիշ) ընկերության 100%–նոց դուստրն է, հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի ու Ինտերնետի հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։-0-