USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Մեկնարկել է «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

29.09.2017, 19:35
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Մեկնարկել է «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են հեռահաղորդակցության ոլորտի «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։

Նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի նպատակն է խրախուսել տեխնոլոգիական ձեռներեցներին՝ մշակել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով:

Հեռահաղորդակցության «Հեքըթոն» միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի այն կանցկացվի հոկտեմբերի 20-21-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրում։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 24 ժամերի ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։

Հայաստանյան հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներից կազմված ժյուրին մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին` կորոշի լավագույններին:

Ընտրության չափանիշ է լինելու 24 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Հաղթող թիմերը կստանան 3 000 և 2 000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:

«21 դարում բիզնեսը՝ հատկապես հեռահաղորդակցության ոլորտում չի կարող արդյունավետ զարգանալ առանց նորարար գաղափարների։ Իսկ նմանատիպ միջոցառումները լավ առիթ են հավաքվելու և առողջ մրցակցության մթնոլորտում հետաքրքիր լուծումներ գտնելու։ Հուսով եմ, որ այս հեքըթոնի արդյունքում իրոք արժեքավոր գաղափարներ կծնվեն, որոնք հետագայում կօգնեն բոլորի կյանքը դարձնել ավելի լավը», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Beeline Հայաստանի հետ անցկացված հեռահաղորդակցության հեքըթոնի նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ այս ոլորտում կան բազմաթիվ ուղղություններ, որոնք կարող են ունենալ արդյունավետորեն աշխատող տեխնոլոգիական ու նորարար լուծումներ։ Վստահ եմ, որ ընտրված թիմերը կառաջարկեն հետաքրքիր լուծումներ, որոնք հետագայում կարող են դառնալ մրցունակ պրոդուկտներ», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության ոլորտի այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն իրենց լուծումներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ: