«Մեկ երեխա, մեկ համակարգիչ» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին Վայոց ձորի մարզում
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /ԱՌԿԱ/. «Մեկ երեխա, մեկ համակարգիչ» ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի կեսերին Վայոց ձորի մարզի, հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Պիլոտային ծրագրի տևողությունը 4 տարի է։ Նպատակն է ստեղծել հայալեզու էլեկտրոնային կրթության համակարգ, հասանելի ողջ Հայաստանում»,–երկուշաբթի մամուլի ասուլիսին ասաց Աշոտյանը
Հայաստանի կառավարությունը ապրիլի 9–ի նիստի ժամանակ հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա, մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլին։
Փորձնական փուլն առաջինը կիրականացվի Վայոց Ձորի մարզում։ Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևան քաղաքում: Ծրագիրը բացարձակապես կրթական նպատակ է հետապնդում և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ընդհանուր կրթության հասանելիությունը, արդիականությունն ու որակը բարձրացնելու նպատակ ունի։
Կառավարության որոշման համաձայն, փորձնական ծրագրի (2015–2018թթ) իրականացման համար անհրաժեշտ է 471,72 մլն. դրամ, այն ներառում է 650 Armtab համակարգչի ձեռքբերում, յուրաքանչյուրը 112 հազար դրամով, ուսուցիչների վերապատրաստում, դպրոցներում ինտերնետ–կապի և ծրագրային փաթեթի ապահովում։–0–