Կոտրել են Կաթողիկոսի տեղեկատվական ծառայության ղեկավարի Facebook–ի էջը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության տնօրեն Վահրամ Մելիքյանը հայտնել է Facebook սոցցանցում իր էջի վրա հաքերային հարձակման մասին։
«Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները», – գրել է նա։
Այդ են, ըստ նրա, վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: «Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավարգից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ։ Հ.Գ. Ավելին՝ քիչ առաջ պարզվեց, որ իբրև թե անպատշաճ նամակագրություններ են բացահայտել իմ էջում։ Սա իրենց կեղծարար հայտնի ձեռագիրն է, որը նորություն չէ», – գրել է քահանան։–0–