Հայկական արտադրության «Զանգի»-ն ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական արտադրության «Զանգի»-ն ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառմանը, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:
Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ն ընթանում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովը, որին ներկայացված է նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը:
«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն այս միջոցառմանը «Զանգի»-ն մասնակցում է երկրորդ անգամ:
«GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ:-0-