Հայաստանյան համակարգչային խանութների կեսից շատն առաջարկում է չարտոնագրված ծրագրային ապահովում. Microsoft
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Մայքրոսոֆթ Հայաստանը հրապարակել է Հայաստանում համակարգչի մանրածախ առևտրում ծրագրային ծովահենության մոնիթորինգի ծրագրի առաջին փուլի արդյունքները, հաղորդում է Մայքրոսոֆթ–ի երևանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Հետազոտության հիմնական նպատակն էր որոշել կիբեր սպառնալիքների մակարդակն այն հայ հաճախորդների համար, ովքեր ձեռք են բերում ապօրինի ծրագրային ապահովմամբ անհատական համակարգիչներ, ինչպես նաև որոշել երկրի մանրածախ առևտրում առկա ծրագրային ծովահենության մակարդակը:
2015թ.-ի դեկտեմբերից մինչև 2016թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում այցելություններ կատարվեցին 49 մանրածախ խանութներ, որոնք վաճառում են լեփթոփներ, սեղանադիր համակարգիչներ, պլանշետներ, 2-ը 1-ում սարքեր, աքսեսուարներ և ծրագրակազմեր:
Համաձայն «Գաղտնի գնորդ» հետազոտության արդյունքների` այս խանութների ընդամենը 12%-ն էր առաջարկում Մայքրոսոֆթի արտոնագրված ապրանքներ, և այս խանութների ավելի քան կեսը պաշտոնական ապրանքների հետ մեկտեղ հաճախորդներին առաջարկում էր տեղադրել չարտոնագրված ծրագրակազմեր:
«Մայքրոսոֆթը մտահոգված է իր սպառողների համար, ովքեր ակամա դառնում են ծրագրային ծովահենության զոհեր, այդ իսկ պատճառով Երևանի մանրածախ խանութներում իրականացրեց «Գաղտնի գնորդ» հետազոտությունը: Եվ ըստ արդյունքների` Հայաստանում անհատական համակարգիչներ ձեռք բերողների համար վտանգի ցուցանիշը բարձր է: Մանրածախ վաճառատեղերի մեծամասնությունն առաջարկում է ապօրինի ծրագրակազմեր, և շատ հաճախ հաճախորդները տեղեկացված չեն, թե ինչպես կարող են արտոնագրված ծրագրակազմը տարբերել կեղծվածից: Միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ օպերացիոն համակարգի ամենատարածված ծովահենային ծրագրատարբերակը պարունակում է ավելի քան 60 տարբեր ծրագրեր և մոդիֆիկացիաներ, որոնք նախագծված են օգտատիրոջ տվյալներն ապօրինի ստանալու և հանցավոր նպատակներով օգտագործելու համար,- նշել է Microsoft CEE New Markets, SAM&Compliance-ի տնօրեն Դմիտրի Բերեսնևը:
Նրա խոսքով` Մայքրոսոֆթը շարունակելու է պաշտպանել իր հաճախորդներին ծրագրային ծովահենության զոհ դառնալուց, ինչպես նաև իր հեղինակային իրավունքը:
Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի (BSA) կողմից հանձնարարված Միջազգային հետազոտական և խորհրդատվական կորպորացիայի (IDC) զեկույցի համաձայն 2013թ.-ին ծրագրային ծովահենության մակարդակը Հայաստանում հասնում էր 86%-ի:
«Գաղտնի գնորդ» հետազոտությունը, որը ներառում է մանրածախ խանութներ կատարված այցելություններ և ստուգումներ, իրականացվում է Հայաստանում գործընկերների համար նախատեսված անվճար ուսուցման և օգտատերերի համար նախատեսված կրթական արշավների հետ մեկտեղ: –0–