USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հնարավոր է` հայ գիտնականները մասնակցեն երիտասարդ գիտնականների աջակցության ամենամյա ծրագրին, որը կազմակերպում է «Կասպերսկու լաբորատորիան»

13.02.2014, 12:27
«Կասպերսկու լաբորատորիան» հերթական անգամ տեղեկատվական անվտանգության ոլորտում երիտասարդ գիտնականների գիտահետազոտական նախագծերի իրականացման նպատակով դրամաշնորհների տեղաբաշխման ամենամյա ծրագիր է իրականացնում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։  
Հնարավոր է` հայ գիտնականները մասնակցեն երիտասարդ գիտնականների աջակցության ամենամյա ծրագրին, որը կազմակերպում է «Կասպերսկու լաբորատորիան»
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիան» հերթական անգամ տեղեկատվական անվտանգության ոլորտում երիտասարդ գիտնականների գիտահետազոտական նախագծերի իրականացման նպատակով դրամաշնորհների տեղաբաշխման ամենամյա ծրագիր է իրականացնում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։  

Այս ծրագրին մասնակցում են ոչ միայն ռուս հետազոտողները, այլև նրանց գործընկերները ԱՊՀ մյուս երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։ Այս անգամ դրամաշնորհները թվով 15–ն են, ինչը, նախորդ տարվա համեմատ, երեք անգամ ավել է։ «Կասպերսկու լաբորատորիան» արդեն սկսել է հայտերի ընդունումը։

Աջակցության ծրագրի շրջանակում դրամաշնորհների հայցորդներին հետազոտության համար առաջարկվում է ընտրել հրատապ խնդիր IT այնպիսի ոլորտներում, ինչպիսին են` վնասակար և վտանգավոր ծրագրերի դասակարգումը, կիբեռսպառնալիքների բացահայտման և վերլուծության մեթոդները, տեղեկատվական անվտանգությունը կորպորատիվ միջավայրում, կոնտենտի վերլուծությունը, շարժական սարքերի անվտանգությունը։ Ըստ ժյուրիի` 15 լավագույն աշխատանքների հեղինակները հնարավորություն կստանան իրականացնել դրանք «Կասպերսկու լաբորատորիայի» անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ։ Ընկերությունը յուրաքանչյուր հաղթողին կտրամադրի 100 հազար ռուբլի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար, կաջակցի անհրաժեշտ վիճակագրական տվյալներ ձեռք բերելու հարցում, իսկ ընկերության փորձագետները խորհրդատվական աջակցություն կցուցաբերեն։ Պատրաստի նախագծերի շնորհանդեսը տեղի կունենա տարվա վերջում Մոսկվայում։  

«Մեր փորձով մենք գիտենք, որ ամենահամարձակ և անսպասելի գաղափարների հեղինակները հաճախ երիտասարդ մասնագետներն են։ Մեր ընկերությունը տարբերվում է նրանով, որ մենք կարողանում ենք նրանց լսել, եթե նույնիսկ այդ գաղափարներն առաջին հայացքից թվում են դժվար իրագործելի։ Հենց դա է պատճառը, որ մենք երիտասարդ գիտնականների և հետազոտողների գործունեության աջակցության  մշտական ծրագրեր ենք անցկացնում` նրանց հնարավորություն ընձեռելով ոչ միայն ներկայացնել սեփական տեսլականը գիտական միջավայրում, այլև իրականացնել այն», – նշել է «Կասպերսկու լաբորատորիայի» կրթական նախաձեռնությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նատալիա Օբելեցը։

«Կասպերսկու լաբորատորիան» արդեն 5–րդ տարի է` տեղեկատվական անվտանգության ոլորտում անկախ գիտնականների և հետազոտողների գործունեության աջակցության ծրագիր է անցկացնում։ Անցած ժամանակահատվածի ընթացքում ծրագրի շրջանակում ստացված միջոցներից օգտվել են բազմաթիվ երիտասարդ գիտնականներ Ռուսաստանի ամենատարբեր քաղաքներից` սկսած Պետրոզավոդսկից մինչև Աստրախան և Սանկտ Պետերբուրգից մինչև Օմսկ։

Դրամաշնորհների ստացման հայտերն ընդունվում են մինչև 2014 թ.–ի մարտի 24–ը http://academy.kaspersky.ru/networking հասցեով։ Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 21–ին։ Նրանց կտրամադրվի 7 ամիս նախագծերի վրա աշխատելու համար։ Գիտական հետազոտությունների արդյունքները կներկայացվեն 2014 թ.–ի նոյեմբերի 28–ին։–0–