Կյանքի է կոչվում «Մեկ աշակերտ, մեկ համակարգիչ» նորարարական ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Մեկ աշակերտ, մեկ համակարգիչ» պիլոտային ծչագիրը մեկնարկել է Վայոց Ձորի մարզում ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Վայոց Ձորի մարզում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնած պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների առաջին դասարանի աշակերտներին են բաժանվել ԱՐՄԹԱԲ պլանշետները՝ համապատասխան կրթական բովանդակությամբ»,-գրում է Աշոտյանը:
Նա նշել է, որ ծրագիրը կտևի 4 տարի և հնարավորությւն կտա դասապրոցեսը դարձնել առավել ինտերակտիվ և հետաքրքիր: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվի նորարարության հետագա ճակատագիրը:
Ծրագիրը բացարձակապես կրթական նպատակ է հետապնդում և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ընդհանուր կրթության հասանելիությունը, արդիականությունն ու որակը բարձրացնելու նպատակ ունի։
Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևան քաղաքում:
Ծրագիրը նախ կտարածվի միայն առաջին դասարանցիների վրա, իսկ փորձնական փուլի ավարտից հետո ծրագրի արդյունավետության գնահատականից հետո այն կտարածվի նաև այլ մարզերում և Երևանում:
Ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով:
Այսօր Հայաստանի կրթական համակարգում 1420 ուսումնական հաստատություն կա։
ArmTab և սմարթֆոն արտադրող հայկական ArmPhone Technology and Science Dynamics Inc. ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին։–0–